
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, մայիսին աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումներ կլինեն և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ կմշակվեն:
Նախարարը նաև շնորհավորել է Աշխատանքի միջազգային օրվա առթիվ՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին:
«Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է »,- գրել է Բաթոյանը:
Նա նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Նախարարությունը հատկապես կարևորում է արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը ՀՀ-ում։
«Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնադրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն»,- գրել է նախարարը: