5 սեպտեմբերի 2008 - 19:50 AMT
Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցություն. Թուրքիան միշտ էլ դավաճանել է Ադրբեջանին
«Պատմության ողջ ընթացքում Թուրքիան վարել է այնպիսի քաղաքականություն, ինչպիսին որ իրեն է շահեկան եղել: Նախորդ դարի սկզբում նա 3 ռազմական դաշինք է փոխել: Սկզբից Անտանտում էր. պատերազմում էր Իտալիայի դեմ, հետո Եռյակ դաշինքում պատերազմում էր Անտանտի դեմ, իսկ հետո այդ երկու դաշինքները փուլ եկան նրա գլխին, եւ նա նետվեց Ռուսաստանի գիրկը. այսինքն Թուրքիան արտաքին քաղաքականության հարցում անկայուն է»,- հայտնել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:

Նրա խոսքերով, Թուրքիան միշտ էլ դավաճանել է Ադրբեջանին: «Նա կազմակերպեց Սեֆյանների հետ պատերազմը, ապա հանձնեց մեր պետությունը նախորդ դարի 20-ական թվականներին, եւ ահա հիմա էլ մեկնում է Հայաստան: Այդ իսկ պատճառով ես խորհուրդ կտայի նորմալ գնահատել Թուրքիայի դավաճանությունը, քանի որ նա միշտ է այդպես վարվել Ադրբեջանի հանդեպ: Ադրբեջանին դավաճանելը նրա համար արդեն սովորություն է: Մենք հիմա մենակ ենք եւ մեր քաղաքականությունը ներկա պայմաններում պետք է այնպես կառուցենք, որ մեր տարածաշրջանի բոլոր այդ կատակլիզմները մեզ շրջանցեն»,- հայտնել է Ս.Ջալալօղլուն, հաղորդում է 1news.az-ը:

Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: