Վարչապետը Գարեգին Բ-ի հետ խոսել է հարկային հարաբերությունները պարզելուց

Վարչապետը Գարեգին Բ-ի հետ խոսել է հարկային հարաբերությունները պարզելուց

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ կողմերի միջև գոյացող հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան:

«Ընդ որում, այդ լուծումները ցանկալի է, որ լինեն ոչ թե հատվածական և այսրոպեական, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալ և երկարաժամկետ: Այս առումով, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ այս քննարկումների համատեքստում համադրենք եկեղեցի-պետություն հարաբերությունների մեր պատկերացումները այն նոր իրավիճակի համատեքստում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, կարիք չկա ասելու, թե մեզ համար ինչպիսի մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք», - ասել է նա:

Վարչապետն աշխատանքային խմբի գործունեությունն արդյունավետ դարձնելու համար կարևորել է հարցերի խորությամբ քննարկումը՝ հասկանալու դրանք իրենց ամբողջության մեջ:

«Անհրաժեշտ է գալ համատեղ որոշումների՝ որպես ելակետ ընդունելով մեր ազգային և պետական շահերը, այն խնդիրները, որ մենք այսօր առաջադրել ենք: Պետք է փորձել յուրաքանչյուր իրավիճակն այսօրվա մեջ հասկանալ և լսել բոլոր փաստարկները, որոշումների կայացումը թողնել հենց փաստարկներին, այսինքն՝ կամայական որոշումների դաշտից մենք պետք է դուրս գանք և հստակ փաստարկված, հիմնավորված որոշումներ կայացնենք: Մասնավորապես, ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, և եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, և եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, և այդպես շարունակ», - ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ խնդիրների հաջորդ խումբը վերաբերում է հարկային հարաբերություններին:

«Օրինակ, խնդիր կա անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, և մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, և արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք: Վեհափառ Հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու: Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետև այդ վճարված հարկերի արդյունքում է ձևավորվում և ձևակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաև Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ», - ասել է Փաշինյանը:

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն է հայտնել Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով:

«Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի». -ասել նա:

Վեհափառն իր խոսքում անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին, կարևորել համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:

«Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե հոգևորականության, թե հավատավոր մեր ժողովրդի շրջանակում: Վստահ ենք, որ եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը: Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղ երկնքի ներքո բարօրություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և արդյունավորի մեր ժողովրդի և հայրենի իշխանությունների բոլոր ջանքերը՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգային կյանքի առաջընթացի և շեն ու պայծառ գալիքի»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ընթերցեք նաև՝ «Իշխանությունն ու ՀԱԵ-ն՝ նույն մակույկում ու նույն մակույկը ճոճելիս»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---