6 սեպտեմբերի 2008 - 21:20 AMT
Երեւանում բողոքում են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ
Երեւանում բողոքի ցույցեր են անցնում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի դեմ: Օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին Թուրքիայի նախագահին դիմավորում էին հարյուրավոր մարդիկ` Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող պաստառներով: Բացի այդ, Դաշնակցությունը երթ էր կազմակերպել, որի մասնակիցներն անցան Բաղրամյանի պողոտայով` նախագահի նստավայրի մոտից մինչեւ Ազգային օպերայի եւ բալետի շենքը: Ցուցարարները երգում էին հայրենասիրական երգեր եւ կրում էին Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող պաստառներ:

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երկու պետությունների նախագահները կդիտեն 2010թ. Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայացնալիք ֆուտբոլային խաղը: Գյուլի այցը առաջինն է ինչպես անկախ Հայաստանի, այնպես էլ Հայկական ԽՍՀ պատմության մեջ: