Երևանում հնարավոր է անձրևաջրերի կուտակում. «Վեոլիա ջուրը» հորդորում է անձնական մեքենա չվարել

Երևանում հնարավոր է անձրևաջրերի կուտակում. «Վեոլիա ջուրը»  հորդորում է   անձնական մեքենա չվարել

PanARMENIAN.Net - «Վեոլիա ջուր» ընկերությունը հորդորում է այս օրերին Երևանում հնարավորինս ձեռնպահ մնալ անձրևային ժամերին երթևեկելուց, ինչպես նաև անձնական տրանսպորտ վարելուց՝ «խուսափելու համար խցանումներից և անհարմար վիճակում հայտնվելուց»:

Մայիսի 4-ին տարածած հաղորդագրության մեջ ընկերությունը հիշեցնում է ակտիվ տեղումնաբեր ցիկլոնի՝ ՀՀ տարածք ներթափանցման մասին։

«Այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Ստեղծված իրավիճակում ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Դա պայմանավորված է նրանով, որ անձրևաջրերի հեռացման համակարգն ի սկզբանե նախատեսված չէ նման արտակարգ իրավիճակներում գոյացող մակերևութային մեծաքանակ ջրերի հընթացս հեռացման համար: Դրանից բացի, մայրաքաղաքի մի շարք տարածքներում անբավարար է այդ համակարգի թողունակությունը, իսկ որոշ թաղամասերում էլ այն ընդհանրապես բացակայում է: Նաև ռելիևֆն է քաղաքում բարդ, որով պայմանավորված քաղաքի բարձրադիր հատվածներից անձրևաջրերը սրընթաց հոսում են դեպի ավելի ստորին հատվածներ և ավելացնում ծանրաբեռնվածությունը տեղի անձրևատարների վրա: Եթե այս ամենին ավելացնենք, որ անձրևաջրերն իրենց հետ հավաքում բերում են կենցաղային աղբը ու դրանով ճաղավանդակները փակում, ապա հասկանալի է դառնում, թե ինչու են առատ տեղումների ժամանակ մեզանում կուտակումներ առաջանում», - ասվում է հաղորդագրության մեև:

Նշվում է, որ ստեղծված իրավիճակում ընկերությունը ձեռնարկում է միջոցներ անձրևաջրերի հեռացման համակարգի կանոնավոր աշխատանքի ապահովման համար: Մասնավորապես, սահմանվել է հերթապահություն, առանձնահատուկ ուշադրության ներքո են այս առումով քաղաքի առավել խոցելի վայրերը, տեխնիկան և վթարային բրիգադները պատրաստ են անմիջապես արձագանքելու արտակարգ իրավիճակներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---