Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահին հրավիրել է Ստամբուլ` միասին դիտելու երկու երկրների ֆուտոլի հավաքականների պատասխան խաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Մինչ ֆուտբոլային խաղը, տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը: Զրույցին մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, եւ նշել, որ հարեւան պետությունների միջեւ ուղղակի շփումները հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն են: Թուրքիայի նախագահն իր հերթին Հայաստանի նախագահին հրավիրել է Ստամբուլ` միասին դիտելու երկու երկրների ֆուտոլի հավաքականների պատասխան խաղը: Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները խոսել են երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:



Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լայն հնարավորություններ են բացվում, նրանք շեշտել են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը` պատասխանատվություն ստանձնելու եւ ձեռնամուխ լինելու առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի ստեղծմանը: Աբդուլլահ Գյուլի խոսքով, իրեն Հայաստան հրավիրելով, նախագահ Սարգսյանը կատարել է առաջին քայլը, հրավերն իր կողմից ընդունվել է` այն վերածելով համատեղ նախաձեռնության, որը օրինակելի կարող է լինել ողջ տարածաշրջանի համար:



Սերժ Սարգսյանն ասել է, որ երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը: «Մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները եւ դրանց ծանրությունը չթողնենլ հետագա սերունդների վրա»,-ընդգծել է նա:



Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը քննարկել են նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությանը եւ տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության եւ համագործակցության կողմնակից է, նախագահ Սարգսյանը թուրքական նախաձեռնությունը համարել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ:



Նախագահներն արձանագրել են, որ այս հանդիպումը լուրջ ազդակ է երկխոսության հետագա շարունակման համար եւ արտգործնախարարների համար պետք է դառնան գործողությունների ուղեցույց:

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:



Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երկու պետությունների նախագահները կդիտեն 2010թ. Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայացնալիք ֆուտբոլային խաղը: Գյուլի այցը առաջինն է ինչպես անկախ Հայաստանի, այնպես էլ Հայկական ԽՍՀ պատմության մեջ:



Պատասխան խաղը տեղի կունենա 2009թ. հոկտեմբերի 14-ին Ստամբուլում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---