
Մարտի 1-ի գործի նախաքննական տվյալների արտահոսք է եղել:
ԶԼՄ-ներին են ուղարկվել գործից՝ մոտ 300 էջ կազմող նյութեր, որոնք ներառում են գործով անցնող պաշտոնյաների մեղադրական եզրակացությունները, վկաների ցուցմունքները:
Ավելի վաղ հրապարակվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:
Երկրորդ նախագահ Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը:
Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն դրամին համարժեք $3 մլն կաշառք։