Աբդուլլահ Գյուլը մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Այդ մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հղում անելով հենց Գյուլի վրա: Նրա խոսքերով, մոտ ապագայում նա մտադիր է այցելել Ադրբեջան: Ա.Գյուլի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունն է տվել նման հանդիպման կազմակերպմանը: Ընդ որում Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ իր համաձայնությունը կտա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ես կհանդիպեմ նրա հետ մոտ ապագայում եւ կքննարկեմ բոլոր մանրամասները, ինչպես նաեւ Հայաստան կատարած իմ այցի արդյունքները»,-հայտարարել է նա:



Թուրք փորձագետները չեն բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---