«Ռոստելեկոմն» ամփոփել է «Համացանցի այբբենարան» համակարգչային դասընթացի ևս մեկ փուլ (վիդեո)

«Ռոստելեկոմն» ամփոփել է «Համացանցի այբբենարան» համակարգչային դասընթացի ևս մեկ փուլ

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը», «Այբ» դպրոցի և «Վիքիմեդիա Հայաստանի» հետ գործակցելով, իրականացրել է «Համացանցի այբբենարան» (Азбука Интернета) համակարգչային դասընթացի ևս մեկ փուլ։

Նախագծին մասնակցել է 21 հոգի, որոնք երկու խմբով հաղթահարել են 24-ժամյա դասընթացների ծրագիրը:

Որպես դասընթացավարներ հանդես են եկել «Այբ» դպրոցի 13 կամավոր-աշակերտը՝ յուրօրինակ կապ հաստատելով սերունդների միջև և կենսափորձի փոխանակման հնարավորություն ընձեռելով։

Նախագիծը այս անգամ ևս համակարգչային հմտությունների զարգացման դասընթացի շուրջ է միավորել մանկավարժների, ինժեներների, տնտեսագետների, գիտնականների, քիմիկոսների ու ֆիզիկոսների, բժիշկների, խմբագիրների և այլ կարևոր մասնագիտությունների տեր անձանց՝ դառնալով շարունակական կրթության մաս (Lifelong Learning):

«Համոզված եմ՝ ծրագիրը ճիշտ ժամանակին կազմակերպվեց, որովհետև այն արդեն ինձ համար անհրաժեշտություն էր։ «Азбука Интернета» ծրագիրը օգնում է բոլոր տարիքի մարդկանց յուրացնել ժամանակակից տեխնոլոգիաները։ Առաջին հերթին պետք է կարողանալ տրամադրվել, հաղթահարել սեփական վախերն ու չմոռանալ, որ կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Երկրորդ՝ մեզ դասավանդող երիտասարդները խիզախում էին, իրենք պատրաստակամ էին օգնելու, սովորեցնելու և համոզելու, անգամ շատ համբերատար էին: Վստահ եմ, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների իմացության շատ ու շատ հարցերում կարող ենք թերարժեքություն զգալ, իսկ այս նախագիծը ինքնավստահություն է ձևավորում», - նշել է մասնակից Գոհար Պետրոսյանը (մանկավարժ)։

Նախագիծն միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք է, որը հատուկ մշակված է նրանց համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում, այլ սարքերի (պլանշետ) կիրառություն։

«Մեզ շատ ուրախացրեց լուրը, որ մենք պետք է մասնակցենք դասընթացի, ուր կարող են սովորեցնել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների հմտությունները։ Շատ լավ ու աշխատանքային մթնոլորտ է։ Սովորաբար մեծերը մի քիչ քննադատում են երիտասարդներին, սակայն սա այն վայրն է, որտեղ երիտասարդները մեծերին դաս են տալիս, իսկ մենք շատ ուշադիր լսում ենք և ուրախանում։ Ունենք փայլուն երիտասարդներ, ովքեր այդ գործը կատարում են հաճույքով, ու թվում է՝ մեր հասակի մարդկանցից շատ-շատերը կնախանձեին մեզ և կցանկանային լինել այստեղ՝ մեր կողքին», - նշել է դասընթացի մասնակից Գեորգի Շարխաթունյանը (ֆիզիկոս, 75տ):

Ծրագիրն անցկացվում էր «Վիքիմեդիա Հայաստանի»՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գրասենյակում, որը յուրօրինակ հարթակ ու մթնոլորտ է ձևավորել արդյունավետ դասընթացների իրականացման համար։

«Որոշել էի ընդհանրապես չմոտենալ համակարգչին, որովհետև ես ոչ թե՝ «զրո», այլ «մինուս» եմ՝ համակարգչից օգտվելիս։ Շատ հետաքրքիր են դասընթացները։ Երեխաներն էլ շատ ուշադիր են, հոգատար ու համբերատար։ Հատկապես լավ է տպավորվում տեղեկատվությունը, որը գործնականում այստեղ կիրառում ենք։ Գնում եմ տանն էլ կարդում եմ, ամբողջովին հասկանում եմ օրվա դասը։ Այլևս հաղթահարել եմ բոլոր վախերս, անգամ ինքնուրույն եմ սկսել որոշ նոր նյութեր սովորել», - նշել է մասնակից Անահիտ Շարխաթունյանը (քիմիկոս, 70տ)։

«Ես շատ ուրախ եմ այս ծրագրի համար։ Ավելին, ես միշտ սպասել եմ այս ծրագրին և նույնիսկ այն կարծիքին եմ, որ այն մի քիչ ուշացած է։ Շատ հաճելի է, որ այն կազմակերպվում է երիտասարդների միջոցով, որովհետև երիտասարդները անշահախնդիր, մեծ էնտուզիազմով, օգնում են, բացատրում են, ավելի համբերատար են, որովհետև գիտակցում են, որ մեծ տարիքում սովորելն ավելի դժվար է։ Ես բացահայտեցի, որ նույնիսկ այնպիսի մանրուքներ չգիտեմ, որ զարմանում եմ՝ այսքան ժամանակ համարել եմ, որ օգտվում եմ համակագչից։ Շատ շնորհակալ եմ։ Ցանկանում եմ, որ այս պրոցեսը տարածվի ՀՀ մարզերում, որովհետև մենք մարզերում ունենք շատ լավ ուսուցիչներ, շատ լավ մտավորականներ, մանավանդ՝ միջին տարիքի սերունդ, ովքեր ունեն շատ մեծ գիտելիքներ ու փորձ, սակայն համակարգչային գիտելիքների պակասը մի տեսակ հեռու է պահում․ «կտրում» է նրանց իրականությունից», - նշել է մասնակից Ժաննա Ժամհարյանը (խմբագիր, 51տ):

Դասընթացների ավարտին մասնակիցները թեստավորում են անցել, ստուգել ստացած գիտելիքները։ Ամփոփիչ հանդիպման ընթացքում էլ նրանց շնորհվել են նվերներ և հավաստագրեր։ Հավաստագրեր են շնորհվել նաև «Այբ» դպրոցի աշակերտներին, որոնք անգնահատելի փորձ ու հմտություններ ձեռք են բերել նախագծի շրջանակում։

«Նախագիծը յուրօրինակ է իր բնույթով և միևնույն ժամանակ շատ կարևոր․ այն հնարավորություն է ընձեռում 50 և ավելի բարձր տարիքի մասնագետներին լրացնել համակարգչից, ինտերնետ ռեսուրսներից օգտվելու իրենց գիտելիքների բացը, դառնալ աշխատաշուկայի ակտիվ ու մրցունակ խաղացողներ։ Շնորհավորում եմ մասնակիցներին և նոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում մեր ընկերության անունից», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հայաստանում «Համացանցի այբբենարան» նախագծը իրականացվում է 2015-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ մոտ 300 մասնակից Երևանից և մարզերից մասնակցել ու ձեռք են բերել համակարգչային հմտություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---