Փորձագետ. Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու թուրքական նախաձեռնությունն ապագա չունի

PanARMENIAN.Net - Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը իրատեսական չէ, քանի որ դրանում առկա են լինելու միայն երկու տարածաշրջանային տերություններ` Ռուսաստանն ու Թուրքիան, եւ ոչ մի եվրոպական երկիր չի մասնակցելու այդ նախաձեռնությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի հարցերով եվրոպական փորձագետ, ստոկհոլմյան Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտի համատնօրեն Սվանտե Կոռնելը: Նրա խոսքերով, նման նախաձեռնությամբ հանդես գալով, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, իր սեփական շահերից է ելնում: «Միգուցե, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման տեսակետից այդ նախաձեռնությունը պոտենցիալ ունի, բայց գլոբալ տեսանկյունից այն ապագա չունի»,- հայտնել է Սվանտե Կոռնելը:



Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին` թուրքական կողմի նախաձեռնության համաձայն, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ էլ երկխոսության կողմնակից է եղել` որպես տարածաշրջանում անվտանգության, համագործակցության եւ վստահության ամրապնդման երաշխիք, գնահատել է թուրքական նախաձեռնությունը` որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---