Ռուսաստանը ղարաբաղյան գործընթացում Թուրքիայի միջամտություն թույլ չի տա

PanARMENIAN.Net - Քանի որ Թուրքիան ադրբեջանամետ երկիր է, դժվար թե Հայաստանը նրան վստահի որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի հարցերով եվրոպական փորձագետ, ստոկհոլմյան Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտի համատնօրեն Սվանտե Կոռնելը ` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ որպես միջնորդ հանդես գալու նրա նպատակը: Բացի դրանից, ավելացրել է նա, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է եւ ցանկանում է պահպանել ներկայիս ձեւաչափը, Թուրքիայի միջամտություն թույլ չի տա:



Ավելի վաղ Աբդուլլա Գյուլը հայտնել էր, որ նպատակ ունի միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Թուրքիայի նախագահի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր համաձայնությունն է տվել հանդիպման կազմակերպմանը: Ընդ որում, Գյուլը հույս է հայտնել, որ իր համաձայնությունը կտա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ես նրա հետ կհանդիպեմ մոտ ժամանակներս եւ կքննարկեմ բոլոր մանրամասները, ինչպես նաեւ Հայաստան կատարած իմ այցի արդյունքները»,-հայտնել էր նա: Մինչդեռ այսօր Գյուլը հայտնեց, որ «17 տարի գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ զգալի արդյունքների հասնել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարցերը միայն երկկողմանի չեն. դրանք տարածքային հարցեր են: «Իրադրությունը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է. խաղաղությունը Կովկասում, պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորումը կբերի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կայունության»,- նշել է Աբդուլլա Գյուլը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---