Փաշինյանը ՀՀ իրավիճակը ներկայացրել է Արամ Ա-ին

Փաշինյանը ՀՀ իրավիճակը ներկայացրել է Արամ Ա-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընթացող գործընթացները ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ և անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության և բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան կոչ էր արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Վարչապետը համապատասխան գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում։ «Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ նա գրել էր, որ մայիսի 20-ին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է «հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։ Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---