Իսպիրյանը, Դանիելյանն ու ոստիկանությունը՝ Կասկադում տեղի ունեցածի մասին

Իսպիրյանը, Դանիելյանն ու ոստիկանությունը՝ Կասկադում տեղի ունեցածի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մի խումբ անձանց կողմից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշելու, նրան հայհոյաելու միջադեպի մասին հրապարակումների վերաբերյալ։

«Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից (ԶԼՄ-ներում միջադեպի մասին,-խմբ.) անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար: Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Իսպիրյանը պատմել էր, որ ինքը Կասկադի ռեստորանում նստած էր երեխաների հետ, երբ 20 հոգով մոտեցել են իրեն։

«Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում (Արթուր Դանիելյանը, -խմբ)։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ,կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք ունեն նման բան անելու, երբ ես նստած էի երեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու արտահայտություններ անեն։ Իրենք գիտեն, որ ես «Իմ քայլը» դաշինքից եմ, իրենք գիտեն, որ ես հեղափոխության առաջին օրվանից եղել եմ, դրանից բորբոքվել են իրենց»,- պատմել է Իսպիրյանը։

Արթուր Դանիելյանն արձագանքել է Իսպիրյանի մեղադրանքներին: Նա ասել է, որ ոստիկանությունից եկել հրավիրել են բացատրություն տալու:

«Զավեշտալին այն է, որ էդ մարդուն ես իրոք տեսել եմ Կասկադի կաֆեներից մեկի կողքով անցնելիս ու անցնելուց վայրկյանների ընթացքում փաստորեն հասցրել եմ «հարձակվել» իր վրա, հայհոյել ու քաշքշել: Հարց է մնում, թե ինչու իր կինը, ով կասկադի տնօրենն է, չի հրապարակել էդ «հարձակման» տեսանյութերը, «հարձակում», որը չէր կարող վրիպել իրենց տեսախցիկներից», - գրել է Դանիելյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---