Օսիպյան. ՊՎԾ-ի հայտարարությունը պոպուլիստական բնույթ է կրում

Օսիպյան. ՊՎԾ-ի հայտարարությունը պոպուլիստական բնույթ է կրում

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության՝ ՊՎԾ, կողմից ներկայացրած հայտարարությունը կրում է պոպուլիստական բնույթ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով ՊՎԾ այն պդնմանը, թե տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված Ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացվում և հայտնաբերվել են որոշակի խախտումներ։

Նա նշել է, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերահսկվող օբյեկտին պարտավոր էին ներկայացնել տեղեկանք, այն էլ՝ ավարտից հետո, հայտնում է Panorama.am-ը։

«Ես կոռեկտ չեմ համարում նման հայտարարությունն այս փուլում։ Ստուգումները դեռ չավարտած փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ անձանց։ Տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը կարող էր կարծիք ներկայացնել: Եվ այդ ամենից հետո օրենքի համաձայն՝ ՊՎԾ պաշտոնակատարը ՀՀ վարչապետին պետք է ներկայացներ իր հայտնաբերածը և ոստիկանության մասին կարծիքը։ Դրանից հետո վարչապետը կորոշեր՝ ո՞ր իրավակառույցը զբաղվի դրանով, եթե կա խախտում։ Ինքը շտապեց և չհիմնավորված հայտարարություններ արեց»,- ասել է ոստիկանապետը։

Վալերի Օսիպյանը վստահեցրել է, որ ոստիկանությունը գործում է թափանցիկ և անհիմն է համարում նմանատիպ խոսակցությունները: «Խոսքը վերաբերում է պետհամարանիշներին։ Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե անգամ ուզեցել է պետության սեփականություն հանդիսացող առարկան՝ պետհամարանիշը, էլ ավելի պաշտպանված լինելու համար հավելյալ լոգոներ դնել այնտեղ, որ կեղծիքներ չլինեն, քանի որ վերջին ժամանակաշրջանում շատ կեղծիքներ են լինում»,- նշել է նա։

Ոտսիկանապետը նաև հայտնել է, որ 10 տարի և ավելի միայն մեկ կազմակերպություն է անընդհատ համարանիշերի գնումների մրցույթը շահել. «Ես ոչ թե թույլատրել եմ, այլ աջակցել եմ, որպեսզի մասնակցի մեկ այլ կազմակերպություն։ Եվ այդ կազմակերպությունը, որը շահել է մրցույթը, հենց իր բողոքի հիման վրա է վարչապետը հանձնարարել ուսումնասիրություն անցկացնել»։

Անդրադառնալով այն հարցին, թե ոստիկանապետն իրավունք ունե՞ր աջակցել այդ կազմակերպությանը՝ Օսիպյանն ասել է. «Աջակցությունը եղել է նրանով, որ կազմակերպությունից ցանկացել են հանդիպել ոստիկանապետի հետ, ես ընդունել եմ՝ չիմանալով ինքը ով է, ռուսական կողմի մասին է խոսքը։ Ինքն ասաց, որ տարիներ շարունակ դռները փակ են եղել իր առաջ, ես ասացի՝ խնդրեմ, ով է ձեզ արգելել, ինձ համար անհասկանալի է դա»։

Վալերի Օսիպյանի համար անհասկանալի է նաև այն, որ մրցույթը շահած կազմակերպության բողոքի հիման վրա է ՊՎԾ-ն մտել ոստիկանություն: «Ես աբսուրդ եմ դա համարում, կոռեկտ էլ չի լինի, որ ես հիմա մեկնաբանեմ: Գործընթացը կավարտվի և իրավական գնահատական կտանք»,- ասել է նա՝ հավելելով, որ միայն անցած տարի իր պաշտոնավարման ընթացքում գնումներով տնտեսել են 500 մլն դրամ, սյս տարվա հունվարից սկսած տնտեսել են մոտ 450 մլն, և հուլիսին կունենան տնտեսած շուրջ 1 մլրդ դրամ:

ՊՎԾ հայտարարությունում ասվում է. «2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո»։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---