13 սեպտեմբերի 2008 - 14:56 AMT
Հայաստանի ԱԳ նախարարն ու Վրաստանի վարչապետը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսի կատարած այցելության շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընգծել է Վրաստանի տարածքով անցնող արտահանման ճանապարհների անարգել գործունեության կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը խաթարված երկաթուղային գծի վերականգնման եւ այդ հարցում Հայաստանի հետ համագործակցելու պատրաստակամության համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Լադո Գուրգենիձեն քննարկեցին նաեւ երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարեւորեցին միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի շուտափույթ անցկացումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների մոտալուտ հանդիպման հնարավորությունը: Նախարար Նալբանդյանն ու վարչապետ Գուրգենիձեն քննարկեցին նաեւ վիրահայությանը մտահոգող խնդիրները: