ՀՖՖ-ն CNN-ին մեկնաբանել է Մխիթարյանի Բաքու չմեկնելը

ՀՖՖ-ն CNN-ին մեկնաբանել է Մխիթարյանի Բաքու չմեկնելը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը մեկնաբանել է Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելը:

Մայիսի 29-ին Բաքվում կայանալու է Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ կհանդիպեն «Արսենալն» ու «Չելսին»:

«Ըստ մեր տվյալների, Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չծածանել Բաքվում, ինչն անընդունելի է: 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, որն այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում էր հանդես գալիս, պարզել էր հայկական դրոշը: Եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև վստահ լինես, որ վտանգի չես ենթարկվի հաղթանակի դեպքում դրոշը պարզելու դեպքում»,-ասել է նա CNN-ին:

Մելիքբեկյանը հավելել է, որ կան նաև այլ մտահագություններ, օրինակ՝ բրիտանահայ երկրպագուներին Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագրեր չտրամադրելը՝ նշելով, որ «Արսենալի» հայաստանցի երկրպագուները ևս չեն կարողանա մեկնել Բաքու:

«Շատ վատ է, երբ մարզիկը պետք է ընտրություն կատարի մարզական միջոցառման և անվտանգության միջև: Դա անարդար է...Մենք հարգում ենք Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշումը և սատարում ենք նրան»,-ասել է ՀՖՖ առաջին փոխնախագահը:

2017-ի մայիսի 24-ին Հենրիխ Մխիթարյանը եվրոպայի լիգայի հերոսներից մեկը դարձավ՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» գոլերից մեկի հեղինակը «Այաքսի» հետ խաղում: Խաղից հետո Նիխիթարյանն ուսերին էր գցել ՀՀ դրոշը և այդպես էր ներկայանում պարգևատրման արարողության ժամանակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---