Վարչապետ. ՀՀ տնտեսական զարգացման հիմքում պետք է անհատական ջանքը լինի

Վարչապետ. ՀՀ տնտեսական զարգացման հիմքում պետք է անհատական ջանքը լինի

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Տաթևում՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում ճանապարհին մտածում էի, թե որ տարբերակով սկսեմ իմ ելույթը, որովհետև մի քանի տարբերակ էի մտածել, բայց դուք ձեր խոսքով կանխորոշեցիք` խոսելով խենթ գաղափարների մասին: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում` հենց մեծ բանավեճն է խենթության և իրատեսության միջև: Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում:

Այս ամենն ընդամենը հայտարարություն չէ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և այն ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էության այս գաղափարի իրագործումն է: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: «Տաթևերը», որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է: Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այն իրագործելու համարձակությամբ օժտելն է»:

Նա հավելել է, որ մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի այդ ուղերձը հղվի բոլոր մարզերի բնակիչներին, որովհետև տնտեսական զարգացումը հենվում է առաջին հերթին անհատների վրա:

«Իհարկե, շատ կարևոր է խոշոր ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, բայց իմ համոզմամբ նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից: Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար: Ողջունում եմ այսօրվա համաժողովը և հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այս կարևոր առաքելությունն ի կատար ածելու գործում: Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք հավատան և հաղթեն»:

Ներդրումային համաժողովի նպատակն է՝ Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր, փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը»,-ասել է նա, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Համաժողովի շրջանակում ներկայացվում են Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը և ներուժը, արդեն հաջողություն գրանցած ու ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնց թիվը հասնում է 20-ի։ Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջելու է ցուցահանդեսով` ծանոթանալու մարզի տեղական արտադրությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---