5 հունիսի 2019 - 10:42 AMT
ՄԻՊ. Անհանդուրժողականությունը սոցցանցերում կարող է բռնության հանգեցնել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով սոցցանցերում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի պահպանումը ապագայում բռնության կհանգեցնի: Այդ մասին նա ասել է հունիսի 4-ին ԱԺ նիստի ժամանակ 2018 թ. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին ամենամյա զեկույցի քննարկման ընթացքում:

Նրա խոսքով՝ սոցցանցերում վիճակը լավագույններից չէ, այն անհանգստություն է առաջացնում, հայտնում է Yerkir.am-ը:

«Փողոցում ժպտացող մարդը սոցցանցերում կարող է ատելություն սերմանող հաղորդագրություններ գրել: Տպավորություն է ստեղծվում, որ հանրությունը կիսվում է խմբերի, որոնք միմյանց պիտակավորում են՝ «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ»: Երբ սոցցանցերում մի մարդու կամ խմբի դեմ կազմակերպված քարոզարշավ է սկսվում, օգտագործվում են անձնական կյանքից տվյալներ, ինչը խախտում է: Անհրաժեշտ է փոխել իրավիճակը, այդ թվում, օրենսդրության միջոցով: Ատելության դրսևորումն այսօր աճում է»,- ասել է Թաթոյանը` վստահություն հայտնելով, որ իրավիճակի վրա կարող են ազդել Հայաստանի գործող իշխանությունները: