5 հունիսի 2019 - 10:53 AMT
Վարչապետ. Նախատեսված 4.5%-ի փոխարեն 2018-ին 5.2% տնտեսական աճ է եղել

Խորհրդարանում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գրանցվել է տնտեսական աճի շատ ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսվում էր:

«2018-ին գրանցվել է 5.2% տնտեսական աճ, բայց 2018-ի բյուջեի նախագծում նախորդ կառավարության և ԱԺ կողմից որպես տնտեսական աճի ցուցանիշ նշվել է 4.5%։ 2018-ին այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018-ի բյուջեի հիմքում դրել է նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից», - ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ 2018-ի մայիսին ձևավորված նոր իշխանությունների խնդիրը մակրոտնտեսական կայունության խնդիրն էր, որը պահպանվել է:

«Հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ երկրում նման մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում և երկրում տնտեսական համակարգը ցնցումների չի ենթարկվում և ամեն ինչ մակրոտնտեսական պայմաններում է տեղի ունենում», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է երկու պատճառով՝ ՀՀ-ում որոշակի կայացած ինստիտուտների առկայությամբ, որոնք Թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն են ունեցել, և ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության ոչ բռնի բնույթով։