5 հունիսի 2019 - 11:06 AMT
Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հունիսի 4-ին Սլովակիան ավարտել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթավը: Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կայքում:

Մայիսին Սլովակիայի խորհրդարանը միաձայն կողմ էր քվեարկել վավերացմանը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Սլովակիայի գործող նախագահ Անդրեյ Կիսկան:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ բոլոր 28 անդամ երկրները վավերացնեն այն:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Գերմանիան, Շվեդիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Չեխիան: