5 հունիսի 2019 - 12:00 AMT
«Սասնա ծռերը» պահանջում են Սեֆիլյանին ընդգրկել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի կազմում

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Այդ մասին ասվում է կուսակցության քարտուղարության հայտարարության մեջ:

Կուսակցությունը պահանջում է Ժիրայր Սեֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում

«Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարևորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։

Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական և փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սեֆիլյանն էր, որ բացահայտել է Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները և դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները»,-ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովում ստեղծվել է 2016-ին ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով:Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, քննիչ հանձնաժողովի լիազորությունները կկատարի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:Քննիչ հանձնաժողովի կազմը, անդամների քանակը սահմանող նախագիծը քննարկման կդրվի ԱԺ հունիսի 18-ի նիստում: