
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ մտադիր են 2020 թվականին ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն ՀՀ-ում:
ԱԱԾ աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 մլն դրամ։
Կենտրոնի ստեղծման համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ է 2 մլրդ դրամ։ Վանեցյանի խոսքով՝ դա նաև հեռու կպահի Հայաստանից մեկնած սպաների՝ օտար պետություններում հավաքագրման ռիսկերից։
Վանեցյանը նշել է նաև, որ ուսումնական կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզն արդեն կա, ու նույնիսկ տեղն են արդեն որոշել, մնում է լուծել ֆինանսական հարցերը։
Նրա խոսքով` այս ամենը թույլ կտա մի քանի մակարդակում խնդիրներ լուծել՝ ԱԱԾ աշխատակիցները բարձրագույն կրթություն կստանան 5 տարով, 2-ամյա վերապատրաստումները կանցնեն այդ կենտրոնում, սահմանապահների վերապատրաստությունները կանցկացվեն այդ կենտրոնում, կգործի հատուկ նշանակության ուժերի պատրաստման գերհագեցած կենտրոն, ՊՊԾ թիկնապահ ծառայողները նույնպես ուսում կստանան նույն կենտրոնում։