
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ և հիմա, և նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և հետո ՀՀ իշխանությունները տեղյակ էին պահում ԼՂ-ին քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին:
«Վերջերս Հայաստանի Հանրապետության Վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը», - «Արցախպրես» լրատվական գործակալությանն ասել է Սահակյանը:
Նա նաև նշել է, որ եթե կան կասկածներ, անվստահություն, ապա «կարևոր է համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր իշխանության գալուց հետո ինքն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Արցախի Հանրապետության իշանություններին:
«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել: Ես մի քանի անգամ հարցրել եմ՝ գիտեք, թե ինչ է բանակցվել, նրանք տեղյակ չեն եղել», - ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ նախորդ իշխանությունները ԼՂ իշխանություններից շատերին, որոնք այսօր գործող իշխանությանը մեղադրում են ապազգային գործելաոճի մեջ, նույնիսկ հարկ չեն համարել տեղեկացնել, թե ինչի շուրջ են բանակցել: