Պուտինը՝ Փաշինյանին․ Մեր հարաբերությունների հատուկ բնույթն ընդգծող շատ պահեր կան

Պուտինը՝ Փաշինյանին․ Մեր հարաբերությունների հատուկ բնույթն  ընդգծող շատ պահեր կան

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պուտինն ասել է, որ անհարժեշտություն չի համարում բնութագրել երկկողմ հարաբերությունները։

«Մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը: Ուրախ եմ այսօր հնարավորություն ունենալ հանդիպել Ձեզ և խոսել համալիր հարցերի շուրջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները համաչափ են զարգանում:

«Այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետև ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների և ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարևոր է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի այս դրական տեմպը: Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք»,- նշել է Փաշինյան։

Կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---