ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու դիմումը

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:

Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբեյալ միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:

Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման,հայտնում է ՀՀ ներկայացուցչությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

Մանվել Գրիգորյանը հունիսի 6-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը:

ՀՀ վերաքննիչ դատարանում հունիսի 7-ին պետք է տեղի ունենար ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Նիստը հետաձգվել է, քանի որ, փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով, կա լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման և հետազոտման կարիք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր: Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018-ի հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս էլ բավարարեց բողոքը և կրկին կալանավորեց Մանվել Գրիգորյանին։ Քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը։ Որդին՝ Արման Գրիգորյանը, հետախուզվում է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---