18 սեպտեմբերի 2008 - 13:31 AMT
ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային վերանայել երկրի Սահմանադրությունը
ԵՄ-ն մտադիր է առաջիկայում ընդլայնել բանակցությունները Թուրքիայի անդամակցության շուրջ, սակայն կոչ է անում վերանայել երկրի Սահմանադրությունը: ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային «նորացնել» սահմանադրությունը Թուրքիայի ՍԴ որոշումից հետո, որով մերժվեց Արդարության եւ զարգացման կուսակցության գործունեությունը արգելող հայցը: Ըստ ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենի, Թուրքիայի քաղաքական վերնախավը պետք է օգտվի «քաղաքական կայունության հազվադեպ պահից, նորացնելու համար սահմանադրությունը, որը կարտացոլի երկրում եւ հասարակության մեջ կատարված փոփոխությունները եւ կապահովի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը»: ՍԴ-ն հաստատեց, որ ԱԶԿ-ն չի խախտել երկրի աշխարհիկ մոդելը եւ մեղմել է որոշակի քաղաքական լարվածությունը Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է European Voice-ը, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը ոչ մի կերպ չմեկնաբանեց Ռենի հայտարարությունը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Թուրքիան արդեն շատ բան է արել իրավունքի ոլորտում Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ պայմանների կատարման համար: Մասնավորապես, նշել է Բաբաջանը, վերանայվել է 301-րդ հոդվածը, որը քրեական պատիժ էր սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

Հոդվածն օգտագործվում էր հայտնի թուրք գրողների, լրագրողների եւ հասարակական գործիչների դեմ, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները որակում են որպես Ցեղասպանություն: Սակայն, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, տխրահռչակ հոդվածը չի վերանայվել: Այն որոշ չափով փոփոխության է ենթարկվել, նոր խմբագրմամբ «թուրքական ինքնությունը» փոխարինվել է «թուրք ազգի» եւ «վիրավորանք հասցնելու» մասին որոշումը կարող է կայացվել միայն արդարադատության նախարարի թույլտվությամբ:

301-րդ հոդվածով քրեական պատասխանատվության են կանչվել Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուկը, գրողներ Էլիֆ Շաֆակը, Թաներ Աքչամը, հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն եւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որ սպանվեց 2007թ. հունվարի 19-ին: