Վերաքննիչը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցն է քննում

Վերաքննիչը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցն է քննում

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Պաշտպանական կողմի բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար հունիսի 7-ին, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ, փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով, կար լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման և հետազոտման կարիք:

Մանվել Գրիգորյանը հունիսի 6-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

ՄԻԵԴ-ը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցձեռնարկելու վերաբերյալ:Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:

Գրիգորյանը հիվանդանոց էր տեղափոխվել մինչև Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը ՀՀ կառավարությանը հանձնելը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր: Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից, հրաժարվում է նաև դեղամիջոցներ ընդունել` այդ թվում շաքարային դիաբետի համար:

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018-ի հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս էլ բավարարեց բողոքը և կրկին կալանավորեց Մանվել Գրիգորյանին։ Քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը։ Որդին՝ Արման Գրիգորյանը, հետախուզվում է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---