18 սեպտեմբերի 2008 - 15:56 AMT
Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության հանգուցալուծման գործում
Իրանը մտադիր չէ միջնորդի դեր կատարել Հարավային Օսեթիայի դեմ վրացական ագրեսիայի հետեւանքով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած հակամարտության հանգուցալուծման գործում: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթթակին:

«Մենք չենք պատրաստվում միջնորդ լինել Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ: Միեւնույն ժամանակ տարբեր գաղափարների քննարկումը կարող է նպաստել Կովկասյան տարածաշրջանում ստեղծված ճգնաժամից դուրս գալուն»,-ասել է Մոթթակին, հաղորդում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի նախարարի խոսքերով, Թեհրանն ուշադիր հետեւում է իրավիճակին զգայուն եւ կարեւոր կովկասյան տարածաշրջանում, որտեղ ամեն մի ճգնաժամ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:

Նախօրեին Թեհրանում Մոթթակին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ օտարերկրյա երկրների թերացումներն ու սխալ ազդանշանները ճգնաժամ առաջացրին Հարավային Կովկասում: Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայի հետեւանքով Կովկասում ծագած խնդիրների լուծման համար չի պահանջվում ՆԱՏՕ-ի միջամտությունը: