«Իմ քայլի» պատգամավորը դեռ չի շրջանառի իշխանավորին վիրավորելը քրեականացնող նախագիծը

«Իմ քայլի» պատգամավորը դեռ չի շրջանառի իշխանավորին վիրավորելը քրեականացնող նախագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իշխանության ներկայացուցչին ծառայողական պարտականություններ կատարելու պատճառով վիրավորելը քրեականացնող աղմկահարույց նախագիծը:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, պատգամավորը հստակեցրել է, որ նախագիծը վերաբերում է միայն ծառայողական պարտականությունները կատարողներին հրապարակայնորեն և հասցեագրված վիրավորելուն։

«Խոսքը իշխանության այն ներկայացուցիչների մասին է, որոնց կարգադրիչ լիազորությունները բացի իրենց ենթականերից տարածվում են նաև երրորդ անձանց վրա՝ գործադիրի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, ՃՈ, հարկային ծառայողներ, անվտանգության ծառայողներ և այլք: Հիմա ես հարց եմ տալիս․ կարելի՞ է արդյոք վիրավորել այն պաշտոնյային, որն իր ծառայողական պարտականություններն է կատարում, կարելի՞ է արդյոք խոչընդոտել նրա պարտականությունների կատարումը։ Այստեղ բոլորը կարդացել են իշխանության ներկայացուցիչ, և այդ իշխանություն բառն է հուներից հանում, սակայն այսօր ունենք ոստիկան, որին պատվիրակել ենք մեզ պաշտպանելու, մեր իրավունքները պաշտպանելու, եթե տվել ենք այդ լիազորությունը, ինչո՞ւ նրան չպիտի պաշտպանենք նաև այդ լիազորությույնները կատարելու ընթացքում»,- պարզաբանել է պատգամավորը:

Արմեն Խաչատրյանը հավաստիացրել է, որ նախագծի վերաբերյալ կրկին քննարկումներ կանեն, կլրացնեն բացերը, կփորձեն ավելի մատչելի բացատրել և ըստ այդմ կորոշեն դրա հետագա ընթացքը։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է քրեականացնել իշխանության ներկայացուցչին իր կողմից ծառայողական պարտականություններ կատարելու պատճառով վիրավորելը։

Վիրավորանքի համար պատիժը լինելու էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---