Մարի Յովանովիչը խոստացել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար գործադրել բոլոր ջանքերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց Մարի Յովանովիչին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դիվանագիտական առաքելության կատարման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:



Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ հետամուտ է լինելու երկու երկրների բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդմանը: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յովանովիչն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Նա ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցությունները կարող են բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը:



Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին`` ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ եղել եւ շարունակում է համոզված լինել, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկարային է:



Դեսպանի խնդրանքով ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ: Նախարար Նալբանդյանի կարծիքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը իր թուրք գործընկերոջը եւ վերջինիս այցը Հայաստան պատմական հնարավորություն ընձեռեցին հարաբերությունների կարգավորման համար: ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հերթին հավաստիացրեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման նպատակով կգործադրի բոլոր ջանքերը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---