20 սեպտեմբերի 2008 - 14:20 AMT
Կովկասում ընթացող բանակցություններին նպատակահարմար կլինի հրավիրել նաեւ Թուրքիային
Վրաստանում իրավիճակի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Գորան Լենմարկերը կոչ է արել Ադրբեջանին ու Հայստանին Վրաստանի հետ համատեղ ակտիվ մասնակցություն ունենալ Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման բանակցություններին:

«Այս տարածաշրջանի անկախ երկրները` Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը որպես շահագրգիռ կողմեր պետք է բանակցեն Կովկասում հակամարտությունների կարգավորման բանակցություններին»,-ասել է նա` ելույթ ունենալով Տորոնտոյում «ԵԱՀԿ-ն բաց աշխարհում» խորագրով լսումների ժամանակ «Վերջին հակամարտությունը Վրաստանում» թեմայով:

Նա կարծում է, որ բանակցություններին նպատակահարմար կլինի հրավիրել նաեւ Թուրքիային: Ընդ որում Լենմարկերը նշել է, որ այդ բանակցությունների շրջանակներում քննարկման առարկա կարող է դառնալ նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը գտնում է, որ Կովկասում իրավիճակի խաղաղ կարգավորման նպատակով այդ տարածաշրջան հարկավոր է գործուղել չեզոք դիտորդների:

Նա նաեւ նշել է, որ, ըստ կողմերի պայմանավորվածության Կովկաս գործուղվող միջազգային դիտորդների կարեւոր նպատակներից մեկն այն է, որ պատասխան ստացվի այն հարցին, թե արդյոք վրաց-օսական հակամարտությունը «էթնիկ զտում է» եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: