Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին հանկարծամահ է եղել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին հանկարծամահ է եղել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին հանկարծամահ է եղել: Նա մահացել է լրտեսության մասին գործով դատական նիստի ժամանակ՝ Մուրսին այդ գործով որպես մեղադրյալ էր անցնում: Նրան խոսք էր տրվել, որից հետո ընդմիջում հայտարարվել: Այդ պահին նախկին նախագահն ուշագնաց էր եղել և մահացել՝ գիտակցության չգալով:

Ինչպես ավելի ուշ հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը բժշկական շրջանակների վրա հղումով, Մուրսին մահացել է սրտի կաթվածի հետևանքով:

Հայտնի է, որ Մուրսին բարորակ նորագոյացություն ուներ՝ նրան կանոնավոր բուժօգնություն էր ցուցաբերվում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մուհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ դարձավ 2012-ին որպես «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի դրածո: Մեկ տարի անց նա հեռացվեց պաշտոնից զինվորականների կողմից զանգվածային ժողովրդական բողոքների ֆոնին: 2019-ի օգոստոսին նա կդառնար 68 տարեկան: Նա որպես մեղադրյալ էր անցնում մի շարք քրեական գործերով, այդ թվում կապված լրտեսության, պետական դավաճանության և ցուցարարների վրա հարձակման հետ: Որոշ դրվագներով նա դատապարտվել էր մահապատժի (բանտից փախուստի համար) և ցմահ ազատազրկման, սակայն, ավելի ուշ այդ գործերը վերանայվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---