Վահե Գրիգորյան. Դատավորի երդում տալուց ի վեր այլևս ընկերներ չես ունենում

Վահե  Գրիգորյան. Դատավորի երդում տալուց ի վեր այլևս ընկերներ չես ունենում

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ընկերներ ունի տարբեր քաղաքական կուսակցություններում, տարբեր քաղաքական խմբավորումներում, հոսանքներում և ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ։ «Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ես ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում»,- ասել է նա՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, հայտնում է Panorama.am-ը։

«Չէի կարող չունենալ, քանի որ իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը և իմ ծառայությունների հասցեատերը մեծամասամբ եղել են մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ իրադարձությունների կիզակետում և հետապնդումների թիրախ են եղել։ Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել և այդ հիմքը ամենևին էլ կուսակցական չի եղել, այն ընդհանուր նպատակի, ժողովրդավարական երկիր ունենալու շուրջ է եղել։ Անկախ նրանից՝ նրանք իմ ընկերներն են, թե չէ, դատավորի երդում տալու պահից, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»,- ասել է Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ թեկնածուին խնդրել է պարզաբանել մինչ այս հնչեցրած իր այն դրույթը, թե Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է։«Եթե այդպես է, ապա այդ դեպքում ինչպես եք պատկերացնում ՍԴ դատավորի որոշման առերևույթ և փաստացի անկողմնակալ լինելը»,- հարցրել է պատգմավորը։

Ի պատասխան Գրիգորյան ասել է, որ այդ գնահատականը հնչեցրել է՝ դատելով դատարանի գործունեության հետևանքների քաղաքական լինելուց։ «Սրանով ամենևին չեմ ասում, որ ՍԴ-ում դատավորները քաղաքականությամբ են զբաղվելու, կամ կուսակցական քաղաքական մարմին է ՍԴ-ն, որևէ դեպքում ոչ։

Քաղաքական ասելով՝ նկատի ունեմ այդ բառի ամենաառանցքային իմաստը, հանրային հարցերի կառավարման։ Եթե դուք նայեք, Հայաստանում չկա ավելի քաղաքական մարմին այդ իմաստով, քան ՍԴ-ն, ի վերջո ՍԴ-ն այն վերջին հաստատողն է, թե ում է վստահել ժողովուրդն իշխանություն»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---