22 սեպտեմբերի 2008 - 15:46 AMT
Սեյրան Օհանյան. Բանակաշինությունը երբեք չի կարելի ավարտված համարել
Սեպտեմբերի 21-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության նոր շենքի բացումը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ եւ Հայաստանի պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ:

«Այս օրը կրկնակի հուզիչ է ինձ համար: Հանրապետության Անկախության օրը մենք բացում ենք Պաշտպանության նախարարության նոր շենքը, որտեղ կկենտրոնացվեն նախարարության ապարատն ու ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շենքի պաշտոնական բացումից հետո: Ըստ նախարարի, բանակաշինությունը երբեք չի կարելի ավարտված համարել, քանի որ միշտ կան ժամանակի մարտահրավերներ եւ բանակը մշտապես ուշադրության կարիք է զգում: Սեյրան Օհանյանը նշել է, որ այս փուլում Սերժ Սարգսյանի հրահանգով երկրի պաշտպանական ոլորտում մի շարք բարեփոխումներ են անցկացվում, ինչի շնորհիվ հայկական բանակը առավել մարտունակ ու ուժեղ կդառանա եւ կկասեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա:

Պաշտպանության նախարարության նոր շենքը գտնվում է Երեւանի հյուսիս-արեւելյան մասում եւ զբաղեցնում է շուրջ 26 հեկտար տարածք: Նոր շենքի կառուցման գաղափարը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով առաջարկեց իրագործել այս նախագիծը դեռեւս ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Շենքի նախագծման աշխատանքները տեւեցին շուրջ 1 տարի, իսկ բուն շինարարությունը պահանջեց 2 տարի եւ 42,3 մլն դոլար: