Կոնգրեսական Փալոնը Թավշյա հեղափոխությանն աջակցող բանաձև է ներկայացրել

Կոնգրեսական Փալոնը Թավշյա հեղափոխությանն աջակցող բանաձև է ներկայացրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը 2018 թվականին Հայաստանում խաղաղ քաղաքական իրադարձությունները ողջունող բանաձև է ներկայացրել: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:

Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ-ին աջակցություն ցույց տալ հայ ժողովրդին ձեռք բերած առաջընթացն ամրապնդելու գործում. առաջարկվում է խորացնել ԱՄՆ-Հայաստան կապերը երկկողմ այցելություններով, պաշտպանության ոլորտում խորհրդատվությունների միջոցով, ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահական գործողություններում, աջակցել կուսակցությունների, քաղաքացիական հասարակության զարգացմանը և մամուլի ազատությանը:

«Թավշյա հեղափոխությունն իր վերջնակետին հասավ 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններով, որոնք, համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության, հիմնված են եղել մարդու հիմնարար ազատությունների վրա և վայելում էին հանրային լայն վստահություն»,- ասվում է բանաձևում:

Նշվում է, որ նախորդ տարում եղած նշանակալի իրադարձություններն ապացուցում են, որ հայ ժողովուրդը հավատարիմ է ժողովրդավարությանը:

«Դրանք ցույց են տալիս, թե ինչու է այդքան կարևոր ԱՄՆ-ի համար բարձրացնել մեր գործակցությունը Փաշինյանի կառավարության հետ: Հայաստանն ապրում է վճռորոշ ժամանակաշրջան, երբ ԱՄՆ-ի աջակցությունը կարող է օգնել խթանել ժողովրդավարությունը և քաղհասարակության ինստիտուտների աճը: Լիահույս եմ, որ այս բանաձևը սկիզբն է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության՝ հիմնված ընդհանուր շահերի և արժեքների վրա»,- ասել է Փալոնը:

Նա նաև վսատահեցրել է, որ կշարունակի ջանքեր գործադրել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Արցախում ականազերծման ծրագրի և վերականգնման ծառայությունների համար $1.5 մլն-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---