Սեպտեմբերի 21-ը ամերիկյան Տեմպե քաղաքում հռչակված է որպես Հայաստանի Անկախության օր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-21-ը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արիզոնա նահանգում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում:Այցի ընթացքում Արմեն Լիլոյանը հանդիպել է Տեմպեի քաղաքապետ Հյու Հոլմանին: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընտրվելիք քաղաքի հետ քույրացման, աջակցության եւ ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քաղաքապետը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսին է հանձնել 2008թ. սեպտեմբերի 21-ը Տեմպեում Հայաստանի Անկախության օր հայտարարելու մասին հռչակագիրը: Շոշափվել է նաեւ Տեմպեում գտնվող ԱՄՆ ամենախոշոր` Արիզոնայի պետական համալսարանում Հայաստանի ուսանողների ուսման համար կրթաթոշակներ սահմանելու հարցը: Գլխավոր հյուպատոսը դասախոսությամբ հանդես է եկել Արիզոնայի պետական համալսարանի ռուսաստանյան, եվրասիական եւ արեւելաեվրոպական ուսումնասիրությունների Մելիքյան կենտրոնի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ: Ներկայացվել են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ մարտահրավերները, տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկությունները:



Արիզոնայի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո տեղի է ունեցել գլխավոր հյուպատոսի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Հայաստանի անկախության օրվա խորհրդին` Արմեն Լիլոյանը նշել է երկրի արձանագրած հաջողությունները, առկա խնդիրները եւ արտաքին քաղաքական հիմնական խնդիրները: Ընդգծվել է հայ համայնքի դերը Հայաստանի զարգացման հարցում, ներկայացվել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հեռանկարները:



Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Արիզոնայի նորաստեղծ Հայ-ամերիկյան առեւտրի պալատի ներկայացուցչի հետ: Քննարկվել են Արիզոնայի եւ Հայաստանի միջեւ ուղղակի առեւտրային կապեր հաստատելու հնարավորությունները, Կալիֆոռնիայի եւ Արիզոնայի հայ գործարարների համագործակցությանը վերաբերող հարցեր:



Սեպտեմբերի 20-ի երեկոյան Սկոթսդեյլում տեղակայված հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձին նվիրված համերգ` Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լեւոն Զարասյանի կատարմամբ: Ներկա են եղել տեղական իշխանությունների, Արիզոնայում տեղակայված օտարերկրյա հյուպատոսական անձնակազմի, հայ համայնքի ներկայացուցիչներ:



Սեպտեմբերի 21-ին գլխավոր հյուպատոսը ներկա է գտնվել Արիզոնայի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցած պատարագին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---