26 սեպտեմբերի 2008 - 16:44 AMT
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հրաժարականը պաշտոնապես ընդունված է
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն այսօր խորհրդարանի նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանին է ներկայացրել հրաժարականի երկրորդ դիմումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն խոսնակի հրաժարականն ընդունվում է երկրորդ դիմումը ներկայացնելուց հետո: Առաջին դիմումը Տիգրան Թորոսյանը ներկայացրել էր սեպտեմբերի 19-ին` այդ ժամանակ էլ հաստատելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից դուրս գալու իր որոշումը:

Մինչ խորհրդարանի նոր նախագահի ընտրությունները խոսնակի գործառույթներն իրականացնելու է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանը

Խոսնակի ընտրությունները կկայանան խորհրդարանի հերթական քառօրյակի ընթացքում, որը մեկնարկում է սեպտեմբերի 29-ին: Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհուրդը խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ նախագահի վարչության նախկին ղեկավար Հովիկ Աբրամյանին: