Նախագահը բարձրագույն զինկոչումներ և դասային աստիճաններ է շնորհել

Նախագահը բարձրագույն զինկոչումներ և դասային աստիճաններ է շնորհել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առա¬ջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու մասին:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ: Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:

«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը, - ասել է նախագահը: - Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային:

Ձեր պարտականությունները պատշաճ կատարելով ՝ դուք պաշտպանում եք թե՛ երկրի անվտանգությունը, թե՛ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, և թե՛, իհարկե, Սահմանադրությունը:

Համոզված եմ, որ դուք այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եք ձեռնամուխ լինելու ձեր աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, մեր քաղաքացիների և մեր ողջ ժողովրդի շահերը», հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»:

Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի են ունեցան 2015-ի դեկտեմբերի 5-ին, որի համաձայն Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցել է խորհրդարանականի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---