26 սեպտեմբերի 2008 - 17:53 AMT
Դեննիս Սանդոլե. Թուրքիան կստանձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիներ որոնելու անհրաժեշտությունը Բաքվին պարզաբանելու դերը
Այժմ Արեւեքլի ու Արեւմուտքի միջեւ նոր անջրպետ է առաջացել: Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, հարձակվելով Օսեթիայի վրա, գիտեր, որ տանուլ է տալու: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն: «Սակայն նա ցանկանում էր, որ տարածաշրջանի բոլոր երկրներն ու միջազգային հանրությունը առավել լուրջ վերաբերվեն սառեցված հակամարտություններին, քանի դեռ իրավիճակը ավելի չի վատթարացել: Սահակաշվիլիի հարձակումը Հարավային Օսեթիայի վրա Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային, ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին ուղղված արթնանալու կոչ էր: Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները չեն կարող օգտագործել սառեցված հակամարտությունները իրենց ներքին նպատակների համար»,-նշել է փորձագետը:

Նա նաեւ գտնում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, բնականաբար, չի վարակվի իր վրաց գործընկերոջ «խենթությամբ», իսկ Թուրքիան կստանձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ուղիներ որոնելու անհրաժեշտությունը Բաքվին պարզաբանելու դերը:

«Այժմ այն ամենն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, արվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի անվտանգության ամրապնդման համար: Այս պետությունները այժմ զգում են տարածաշրջանի երկրների կարիքը: Կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը հուշում է, որ ռուս-վրացական հակամարտության ալիքի վրա նոր գործընթացներ են առաջանում, ստեղծելով տարածաշրջանում կառավարման նոր մեխանիզմ: Թուրքիայի առաջարկը ոչ այլ ինչ է, քան Կայունության ծրագիրը, որ իրականացրեց ԵՄ-ն Բալկաններում»,-ասել է Սանդոլեն:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ