26 սեպտեմբերի 2008 - 19:06 AMT
FAON. Մարմարայի հոլանդացի ուսանողներին պարտադրում են Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությունը
Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) երկրի կրթության, մշակույթի եւ գիտության նախարար Ռոնալդ Պլաստերկին բողոք է ուղղել` կապված այն բանի հետ, որ թուրքական Մարմարա քաղաքի պետական համալսարանում սովորող ERASMUS հոլանդական համալսարանի ուսանողները պարտավոր են քառօրյա ծրագիր անցնել, որն իր մեջ ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումն ու թուրքական դիրքորոշումը Կիպրոսի հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Աբովյանի մշակութային կենտրոնի մամլո ք արտուղար Ինգե Դրոսթը: FAON-ը հայտնել է, որ պաշտոնական Ամստերդամը պետք է ընդհատի այդ ծրագիրը եւ բողոք ներկայացնի ուսանողների ուսուցանման նման մեթոդների դեմ: FAON-ի ներկայացուցիչները նաեւ ընդգծում են, որ Թուրքիան` որպես ԵՄ անդամ դառնալու ձգտող երկիր, առաջընթաց չի գրանցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Բացի այդ, Թուրքիայում մինչ օրս հնարավոր չէ ազատ արտահայտվել այդ հարցի շուրջ:

«Չնայած նրան, որ ներկայումս Անկարան փոփոխություններ է մտցնում երկրի ՔՕ 301-րդ հոդվածի մեջ, Հայոց ցեղասպանության մասին խոսող մարդկանց հետապնդումը շարունակվում է»,- ասվում է FAON-ի հայտարարության մեջ: Դաշնության ներկայացուցիչների կարծիքով, Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությունը տարբեր կերպ է արտահայտվում: Օրինակ, «Ճուռակի դասերը» դասավանդվել են Հոլանդիայի թուրքերին, որոնք կարճ կամ սովորական զինծառայություն էին անցնում Թուրքիայում: Բացի դրանից, Նիդեռլանդների թուրքական եւ հոլանդական բնակչությունը Ամստերդամում Թուրքիայի դեսպանության եւ երկրի թուրքական կազմակերպությունների կողմից ուժեղ ճնշման է ենթարկվում: Մասնավորապես, աջ ազգայնամոլական թուրքերը Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութեր են տարածում շատ ակտիվ կերպով: «FAON-ը կրկնում է նախկինում արած հայտարարությունը եւ պահանջում Նիդեռլանդների հոլանդական համակարգի մեջ ներառել ուսումնական ծրագիր, որը երկրի երիտասարդությանը օբյեկտիվ տեղեկատվություն կմատուցի եւ ապագայում կկանխի երկրի համայնքների միջեւ բարդությունների առաջացումը»,- ասվում է FAON-ի հայտարարության մեջ: Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների դաշնության կարծիքով, այդ ծրագիրը կարող է ներառել իրագործված ցեղասպանությունների, օրինակ` Խոլոքոստի, Հայոց ցեղասպանության եւ Ռուանդայի ցեղասպանության օրինակներ: