Երևանում 2020-ին Courtyard by Marriott հյուրանոց կբացվի

Երևանում 2020-ին Courtyard by Marriott հյուրանոց կբացվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Երևանում զբոսաշրջային ոլորտի զարգացմանը նպաստող վերջին տարիների կարևորագույն համաձայնագրերից մեկը ստորագրվեց՝ «Մարիոթ Ինթերնեյշնլի» գլխավոր գործառնական ղեկավար Ռայներ Զահաուի և «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանի միջև: Կառավարման համաձայնագրի արդյունքում «Մարիոթ Ինթերնեյշնլը» վերահաստատեց իր հանձնառությունը Երևանում բացելու նոր հյուրանոց՝ «Քորթյարդ բայ Մարիոթ» (Courtyard by Marriott):

Նոր հյուրանոցի շինարարության ավարտը նախատեսվում է 2020-ին: «Քորթյարդ բայ Մարիոթը» տարբերվելու է Հայաստանում գործող այլ հյուրանոցներից՝ միավորելով հյուրանոցն ու բնակարանային համալիրը և ստեղծելով բազմաֆունկցիոնալ կառույց:

«Մեր թիմով մեծ աշխատանք ենք կատարել, ներգրավել ենք 10-ից ավելի միջազգային գործընկերների՝ համախմբելով բոլորին մեկ նպատակի շուրջ. այն էր նոր ձևաչափ և որակ բերել հյուրանոցային և բնակարանային ոլորտ», - նշեց Արտյոմ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ շենքի նախագծման աշխատանքներով զբաղվել է բրիտանական «Բրոդվեյ Մալյան» ընկերությունը, ինժեներական աշխատանքները ստանձնել է պորտուգալական «Ա400» ընկերությունը, ինտերիեր դիզայն ապահովել գերմանական «Կոնտուրա» ընկերությունը, իսկ համակարգել է այդ բոլորը աշխատանքները հայկական «Արխանգել» ճարտարապետական ստուդիան:

Խաչատրյանը հավելեց, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունների համաձայն՝ շենքը չպետք է լինի միայն հյուրանոցային համալիր, և ցանկալի է, որ հնարավորինս բազմաֆունկցիոնալ լինի:

Այդպիսով որոշվել է, որ «Քորթյարդ բայ Մարիոթը», բացի հյուրանոցից և բնակարաններից, ներառելու է նաև սպա, մարզասրահ, կոնֆերանսի համար սրահներ, քոֆիշոփ և այլ տարրեր: Շինության առաջին 10 հարկը հատկացվելու է հյուրանոցին, որը կունենա 173 համար, իսկ վերևի հարկերը կզբաղեցնի «Տերյան 5» անվանումը կրող բնակարանային համալիրը՝ 75 բնակարանով: Հյուրանոցային և բնակարանային հատվածները բաժանված կլինեն տեխնիկական հարկով:

Բացի այդ, համալիրի չորս հարկում ավտոկայանատեղի կլինի, որը կտեղավորի 113 մեքենա: Հյուրանոցի և բնակելի հատվածի մուտքերը կառանձնացվեն, սակայն բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու հյուրանոցի ծառայություններից՝ սպայից, մարզասրահից և այլնից:

«Ոգևորված ենք Հայաստանում նոր հյուրանոց ունենալու հնարավորությամբ: «Մարիոթ Ինթերնեյշնլը» ՀՀ հետ երկար ճանապարհ է անցել՝ այստեղ ենք 2004-ից, երբ բացեցինք «Մարիոթը»: Սա կլինի մեր արդեն չորրորդ հյուրանոցը Հայաստանում, ինչով շատ հպարտ ենք», - նշեց Ռայներ Զահաուն: Նա պատմեց, որ առաջին անգամ ժամանել է Հայաստան 1999-ին, և այժմ զգում է՝ ինչ մեծ առաջընթաց է ապրել երկիրը: Զահաուի խոսքով՝ միշտ ուրախ է վերադառնալ ՀՀ. «Սա հրաշք երկիր է, հայերը հայտնի են իրենց հյուրասիրությամբ»:

«Քորթյարդ բայ Մարիոթը» «Գալաքսի» ընկերությունների խմբի խոշոր ներդրումային ծրագրերից է և առանձնանում է իր ճարտարապետական նախագծմամբ և լուծումներով, որում ներգրավված են միջազգային գործընկերներ և բրենդեր. նախագիծը նաև առանձնանում է իր չափորոշիչներով, ինչպես նաև դրա կյանքի կոչման արդյունքում երկրի համար ստեղծվող հավելյալ արժեքի կարևորությամբ: Այսպես, նախագծի իրականացման արդյունքում 120 բարձր վարձատրվող աշխատատեղ կստեղծվի:

Համաձայնագրի ստորագրմանն ու նախագծի ներկայացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, արտերկրից ժամանած «Մարիոթ Ինթերնեյշնլի» Եվրոպական տարածաշրջանի փոխնախագահ Իվիցա Քազիքը, «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթուարթ Ռաֆը, «Կոնտուրա» գերմանական դիզայներական ընկերության գլխավոր տնօրեն Բարբարա Մայեր-Քոսֆելդը, դեսպաններ, 100-ից ավելի գործարարներ, կառավարիչներ և մասնագետներ տարբեր ոլորտներից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---