Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը

Լիամետրաժ ֆիլմերի  մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Փակման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Մենք ուրախ ենք, որ շարունակում ենք մեր համագործակցությունը, և ցանկանում ենք, որ այն հարատև լինի», - իր խոսքում ընդգծել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրնախագահ Հարություն Խաչատրյանը:

Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակ է ստացել Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյ և Լիզ» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» է արժանացել Կանտեմիր Բալագովի «Լողլողը»: Ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը»:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակը ստացել է Մարզիե Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթե ծիրանի»է արժանացել Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին»:

Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացել է Լիլիթ Պետրոսյանի «Բայինան»: Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում FIPRESCI մրցանակին է արժանացել Թինաթին Քաջրիշվիլի «Հորիզոնը»:

Վարչապետի մրցանակը (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) տրվել է Տաթև Հակոբյանի «Թակարդը» ֆիլմին:

Հերթական՝ 16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել էր մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել էին աշխարհի հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից ֆիլմեր: 16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրին նախագահում էր ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված էին ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնինախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին(ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա),դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա):

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան էր (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Կլերմոն Ֆերանկինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

Փակմանը ցուցադրվել է միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթողը ֆիլմը:

 Ուշագրավ
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը