Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր

Աղավնաձորում կլուծվի կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր

PanARMENIAN.Net - Կիսամութ սենյակներ՝ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ և էլի խնդիրներ. Բաբայանները տան շինարարության խնդիր ունեն՝ տևական ժամանակ:

Ավելի քան չորս տասնամյակ առաջ կառուցված տունը հոգատար ձեռքերի անհրաժեշտություն ունի: Ընթացիկ գործեր այս տանն արվել են, սակայն կառույցի հիմնանորոգման կարիք, այնուամենայնիվ, կա: Առանց աջակցության խնդիրը չի լուծվի:

Պատճառներն օբյեկտիվ են. տան ավագ որդին՝ Ալիկը, տեղաշարժվում է անվասայլակով: Դժբախտ պատահարի հետևանքով, նման վիճակում է հայտնվել տասներեք տարի առաջ: Թեև կրտսեր եղբոր՝ Արծրունի հետ, աշխատում են, սակայն վաստակածով լուծում են միայն առօրյա հոգսերը: Ամուսնու անժամանակ կորստից հետո, որդիներին միայնակ մեծացրած մայրը՝ Սոնան, երազում է իր և ամուսնու ձեռքերով կառուցված օջախը նորից ամուր ու բարեկարգ տեսնել:

«Տունը կառուցել են ծնողներս: Ընթացքում առաջացած խնդիրները լուծվել են մասնակի: Սենյակներում կա լուսավորության խնդիր: Նոր պատուհաններ բացելու, իսկ հները՝ փոխելու անհրաժեշտություն կա: Պատշգամբը որոշ հատվածներում քանդվում է: Կա նաև տանիքի խնդիր, որը մասնակի ենք լուծել: Թեքահարթակս փայտից է և վաղ թե ուշ՝ շարքից դուրս կգա: Ձմռանը տեղաշարժվելու խնդիր կունենամ: Եվ առհասարակ՝ եթե քայլեր չձեռնարկենք, ապա տարիների ընթացքում տունը կփլուզվի»,- ասել է ավագ որդին՝ Ալիկը:

«Մեր տունն անձրևաջրերի հեռացման համակարգ չունի: Դրա հետևանքով պատերը տարիներ շարունակ խոնավացել են ու սկսել քանդվել: Արդեն տասնհինգ տարի այդ վիճակն է: Վերակառուցելու հնարավորություն չենք ունեցել: Խնդիրն այդպես էլ մնացել է: Իմ երազանքն է՝ օջախս նորից լուսավոր ու մաքուր տեսնել»,- ասել է ընտանիքի մայրը՝ տիկին Սոնան:

Բաբայանների տան խնդիրը հայտնվել է բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչև տարեվերջ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ապրող այս ընտանիքին կհաջողվի լուծել տարիների խնդիրը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---