Մարդակենտրոն ճարտարապետություն. Քննարկումներ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ՊեչաԿուչայի կազմակերպիչների հետ (վիդեո)

Մարդակենտրոն ճարտարապետություն. Քննարկումներ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ՊեչաԿուչայի կազմակերպիչների հետ

PanARMENIAN.Net - Մարդի՞կ են ձևավորում տարածքներ, թե՞ տարածքներն են ձևավորում մարդկանց: Ինչպես կարող ենք փոխակերպել տարածությունը իմաստալից վայրի և որքանով է տարբերվում այս մարդակենտրոն մոտեցումը ճարտարապետության սովորական ընկալումներից: Այս ու այլ թեմաների մասին քննարկումներովՊեչաԿուչա Երևանը համախմբել էր ժամանակակից ճարտարապետությամբ հետաքրքրվող մոտ 250 անհատի, որոնք հավաքվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 10 խոսնակի և հատուկ հյուրերին լսելու։

Միջոցառմումը կազմակերպվել էր «Գալաքսի» ընկերությունների հետ համատեղ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։

«Այսօրվա միջոցառումը մեզ համար իմաստալից ու պատասխանատու քաղաքացիության մասին է։ Մեր ժամանակներում, երբ տրանսֆորմացիայի է ենթարկվում բիզնեսը, և երբ սեփական գործի միջոցով առաջընթաց ապահովելն այլևս բավական չէ, կարևոր է դառնում նաև հասարակական արժեք ստեղծելու պարտավորությունը։ Ճարտարապետությունը մեր ընկերությունների խմբում առանցքային ոլորտ է և ճարտարապետության վերաիմաստավորումը կամ մարդակենտրոն ճարտարապետությունը կարևոր թեմաներ են մեզ համար, որոնց քննարկումը խիստ կարևոր է պատասխանատու քաղաքացիության տեսանկյունից»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

ՊեչաԿուչայի թեմաները բազմազան էին՝ ժամանակակից ճարտարապետության մասին Հոլիվուդի ստեղծած կարծրատիպերից մինչև կանաչ ճարտարապետություն, հանրային տարածքների վերաիմաստավորումից մինչև մարդկանց ու տարածքների հետ կապված նախագծեր։

ՊեչաԿուչա խոսնակներն էին snkh ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը, «Գրադարակ» ՀԿ-ի համահիմնադիր Արուսիկ Զեյնալյանը, մշակութային լրագրող Անուշ Քոչարյանը, «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրներ Կարեն Բերբերյանն ու Արմեն Հակոբյանը, համադրող, մանկավարժ Նայիրի Խաչատուրեանը, «Գալաքսիի» ճարտարապետական ծրագրերի կառավարման մասնագետ Լուսինե Ղուշչյանը, «Սքիլշոփի» հիմնադիր Արեգ Քեշիշյանը, «Կորպորասիոն Ամերիկայի» ճարտարապետ Արի Հաճյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հանրային տարածքների ծրագրի ղեկավար Լիլիթ Միդոյանը և երաժիշտ, կոմպոզիտոր, «Օբերտոն» ընկերության համահիմնադիր Միքայել Ոսկանյանը։

«ՊեչաԿուչա երեկոների գեղեցկությունը նրանում է, որ ցանկացած մարդ կարող է կիսվել սեփական աշխատանքով, խոսել սիրած կամ մտահոգիչ թեմաների շուրջ։ Ուրախ եմ, որ այս երեկոյի համար կարողացանք համադրել տեղացի ու միջազգային խոսնակների մի հրաշալի խումբ, ովքեր առօրյա աշխատանքով նպաստում են հանրային ու մասնավոր ոլորտների զարգացմանը, ոգեշնչում մեզ նորարար ճարտարապետական լուծումներով ու քաղաքային զարգացման իրենց տեսլականով»,- նշել է ՊեչաԿուչա Երևանի կազմակերպիչ Մարիաննա Վարդանյանը։

Ճարտարապետության թեմայով ՊեչաԿուչան առանձնանում էր նաև իր հատուկ քննարկման ֆորմատով։ ճարտարապետության դերի ու դրանից բխող մարդկային հարաբերությունների մասին հրավիրված հատուկ քննարկմանը իրենց կարծիքն են արտահայտել «Գալաքի» ընկերությունների խմբի հատուկ հյուրերը՝ HOTCO ղեկավար տնօրեն Մարիուս Գոմոլան, Broadway Malyan ճարտարապետական ստուդիայի կառավարման խմբի նախագահ Ստյուարտ Ռուֆը, FAST հիմնադրամի համագործակցության, հանրային քաղաքականության և ծրագրերի գծով փոխնախագահն Սյուզաննա Շամախյանը, «Գալաքսիի» Ռազմավարության ու բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Կարապետյանը և «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Արտակ Կնյազյանը։

ՊեչաԿուչա երեկոները ոչ ֆորմալ և ուրախ հանդիպումներ են, որտեղ մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել միտքը և հետ չընկնի։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003-ին՝ ՊեչաԿուչան արդեն տարածվել է 1200-ից ավելի քաղաքներում՝ 2010-ին հասնելով նաև Երևան։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---