30 սեպտեմբերի 2008 - 19:04 AMT
«Forbes». Անկարան չի ցանկանում ԱՄՆ նախագահ տեսնել Բարակ Օբամային, պատճառը` Հայկական հարցը
Մինչ դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման վայելում է գրեթե ողջ մուսուլմանական աշխարհի դրական դիրքորոշումը, թուրքական էլիտան գերադասում է, որպեսզի նոյեմբերին նշանակված ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթի հանրապետականներից թեկնածու Ջոն ՄըկՔեյնը, գրում է լրագրող Աշլի Այդինտաշբաշն իր` «Forbes» ամսագրում հրապարակված «Obama, Turkey And The G-Resolution» հոդվածում:

Բարձրաստիճան թուրք պաշտոնյայի կարծիքով, որի անունը չի հաղորդվում, այդ ամենը կապված է հայերի Հայկական հարցի վերաբերյալ Բարակ Օբամայի դիրքորոշման հետ: «Ամեն տարի Ամերիկայի հայկական լոբբին ԱՄՆ Կոնգրեսում փորձում է 1915թ. դեպքերը ցեղասպանություն ճանաչող բանաձեւ անցկացնել: Թուրքիայի ղեկավարությունը ԱՄՆ-ում ունի բոլոր լոբբիները, որոնց ուժերն ուղղված են այդ բանաձեւն ընդունելու կանխմանը: Բացի այդ, Անկարան բանաձեւի ընդունման դեպքում Վաշինգտոնին սպառնում է ԱՄՆ-ի հետ խզել մարտավարական կապերը»,- ասվում է հրապարակման մեջ:

Հոդվածի հեղինակի կարծիքով, Անկարայում Բարակ Օբամայի հաղթանակը չցանկանալու երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ այդ դեպքում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը կստանձնի Օբամայի կողմնակից Ջո Բայդենը, որն արդեն երկար ժամանակ հանդես է գալիս Հայաստանի եւ Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության փոփոխության վերաբերյալ բանաձեւի ընդունման կողմից:

«Ջոն ՄըկՔեյնն իր հերթին քաջ ծանոթ է Թուրքիային եւ կարող է գնահատել մեր մարտավարական գործընկերությունը: Անկարան գերադասում է ԱՄՆ նախագահ տեսնել մի մարդու, որը պատկերացում ունի Սառը պատերազմում Թուրքիայի ունեցած դերի մասին»,- հայտնել է վերոհիշյալ թուրք պաշտոնյան: