Աբդուլլա Գյուլի` Երեւան կատարած այցից Թուրքիան ավելի շատ շահեց, քան Հայաստանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան, իհարկե, նշանակալից էր հայ-թուրքական հարաբերությունների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Civilitas Ֆոնդի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Բայց այդ այցից Թուրքիան միջազգային հանրության աչքերում ավելի շատ շահեց, քան Հայաստանը: Այդ այցով, փաստորեն, Թուրքիան իրեն որպես տարածաշրջանի առաջնորդ ներկայացրեց, որն ընդունակ է լուծելու Հարավային Կովկասի հակամարտական իրադրությունները: Բայց Թուրքիան ոչ մի դեպքում չի կարող միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քանի որ բացահայտ հակված է Ադրբեջանի կողմը եւ ուղղակիորեն ներկայանում է որպես շահագրգռված կողմ: Հայաստանն, իմ կարծիքով, երբեք չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահությանը»,- ընդգծել է Օսկանյանը:



Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, ապա դա, Օսկանյանի կարծիքով, Թուրքիայի մեծ դիվանագիտական հաղթանակը կլինի: «Ես կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները լրջորեն կմոտենան այդ հարցին, քանի որ սահմանի բացումը ենթադրում է մի շարք զիջումներ, որոնք Հայաստանը երբեք չի անի, մասնավորապես` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում: Զանազան երկկողմ կոմիտեների ստեղծման մասին խոսակցությունները ոչ մի քննադատության չեն դիմանում, քանի որ հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից»,- ասել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---