1 հոկտեմբերի 2008 - 17:09 AMT
Երեւանում Սերգեյ Լավրովը կքննարկի Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը
Հայաստան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի խոսքերով, «նախարարները կքննարկեն տարածաշրջանի իրադրությունը վրացական վարչակարգի վերջին անպատասխանատու եւ արկածախնդիր գործողություններից հետո, որոնք հանգեցրին Ռուսաստանի հարավային սահմանների մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքերին»:

«Մոսկվայում նաեւ ակնկալում են համատեղ սերտ համագործակցության շարունակում ԱՊՀ եւ ՀԱՊԿ (Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը հաշվի առնելով), ինչպես նաեւ այլ հեղինակավոր կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում` ՄԱԿ, ԵԽ եւ ԵԱՀԿ: Նախարարները կշոշափեն նաեւ ռուս-հայկական հարաբերություններում առաջին պլան դուրս եկող տնտեսական խնդիրները»,- նշել է Նեստերենկոն:

Այցի ընթացքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: «Ռուսաստանը մտադրված է այսուհետ էլ հակամարտության կողմերին աջակցություն ցույց տալ փոխընդունելի լուծում գտնելու համար: Այդ համատեքստում սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբին` Ռուսաստանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր սկզբունքային դիրքորոշման անփոփոխությունը: Ելնում ենք այն բանից, որ ղարաբաղյան կարգավորման բանաձեւի վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունն ընկած է հենց իրենց` հայերի եւ ադրբեջանցիների վրա: Ռուսաստանը պատրաստ կլինի ընդունել եւ աջակցել խնդրի լուծման այն տարբերակը, որը կընդունեն հակամարտության մեջ ընդգրկված կողմերը, իսկ փոխզիջողական համաձայնության հասնելու դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավորող»,- ընդգծել է նա, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: