1 հոկտեմբերի 2008 - 18:27 AMT
Սափրագլուխների ավազակախմբի առաջնորդները խոստովանել են «ոչ սլավոնական» արտաքինի 20 հոգու սպանությունը
20 սպանությունների մեջ մեղադրվող սափրագլուխների ավազակախմբի առաջնորդներ Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեվսկին լիովին խոստովանել են իրենց վերագրվող սպանությունները: Ռինոն, որին վերագրվում են ոչ սլավոնական արտաքինի մարդկանց վրա հարձակման 27 դրվագներ, եւ Սկաչեվսկին, որին վերագրվում են 29 նմանատիպ հարձակումներ, Մոսկվայի պետական դատարանի այսօրվա նիստում իրենց մեղքն ամբողջությամբ խոստովանել են:

Հետախուզության տվյալներով, 17-ամյա Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեվսկին կազմակերպել են հանցագործ ավազակախումբ, որը 2006թ. օգոստոսից մինչեւ 2007թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում սպանել է 20 մարդ, իսկ եւս 12-ին` ծեծել: Գործի մասնակիցներին ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2 մասի (երկու եւ ավելի անձանց մտադրված սպանություն), ՔՕ 30 հոդվածի (մահափորձ) եւ ՔՕ 105 հոդվածի (սպանություն), ինչպես նաեւ ՌԴ ՔՕ 282 (միջէթնիկական թշնամության սերմանում) հոդվածի մեղադրանք են ներկայացրել: Հետախուզության տվյալներով, մեղադրյալները դաժանաբար ծեծում էին վառ արտահայտված ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիներին, այդ գործողությունները ձայնագրում տեսաժապավենի վրա, այնուհետեւ տեսահոլովակները տեղադրում ինտերնետում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Ռինոն եւ Սկաչեվսկին հայ 45-ամյա ձեռներեցի սպանության կասկածանքով ձերբակալվել էին Մոսկվայում նախորդ տարվա ապրիլին: Ձերբակալման պահին երիտասարդների հագուստին արյան հետքեր էին հայտնաբերել: Հետաքննության ընթացքում Ռինոն խոստովանական ցուցումներ է տվել ազգայնամոլական հողի վրա 37 անձնաց սպանության վերաբերյալ: Ստուգման արդյունքում նրա ցուցումների մեծ մասը հաստատվել է: Ավելի ուշ ձերբակալվել են նաեւ ավազակախմբի մյուս մասնակիցները: