Սփյուռքի գործերի հանձնակատարը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարին

Սփյուռքի գործերի  հանձնակատարը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարին

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ, հայտնել է գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Հանդիպումը կայացել է Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում. ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Գրիգորի Կարասինը նշել է, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են ազգամիջյան համերաշխության պայմաններում, ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է: Ընդգծվել է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ ազգամիջյան այդ համերաշխությունը լինի ամուր ու կայուն: Կարասինն ասել է, որ հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության և շատ ակտիվ են քաղաքական, մշակութային, հասարակական, տնտեսական ոլորտներում:

Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ռուսաստանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի հիմնական նպատակներն ու գործառույթները, սփյուռքի, այդ թվում նաև Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները:

Սինանյանը նշել է, որ մեծ թվով հանդիպումներ է ունեցել և Ռուսաստան այցելելու է հաճախ` պայմանավորված Ռուսաստանում հայկական սփյուռքի մեծությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ: Զարեհ Սինանյանը հավելել է, որ գրասենյակը հայ համայնքի հետ մեծ աշխատանք է տանելու, և գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ Ռուսաստանի հայ համայնքից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---