2 հոկտեմբերի 2008 - 18:52 AMT
ՀՀ ԱԳՆ-ն ժխտել է տեղեկատվությունն այն մասին, որ Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը գտնվում է «բանակցությունների սեղանին»
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժխտել է ադրբեջանական ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, որ «Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը գտնվում է «բանակցությունների սեղանին»: «Բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մադրիդյան առաջարկների հիման վրա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հետաքրքիր եւ կոնստրուկտիվ առաջարկով է հանդես եկել: Էլմար Մամեդյարովի խոսքերով, «Թուրքիայի առաջարկը գտնվում է բանակցությունների սեղանին»: «Եռակողմ հանդիպման ժամանակ մենք միաձայն հայտարարեցինք, որ թուրքական նախաձեռնությունը շատ հետաքրքիր է եւ դրական, եւ մենք կաշխատենք նրա վրա, այսինքն` նրա միջոցով կփորձենք տարածաշրջանին կայունություն եւ խաղաղություն բերել: Իհարկե, մենք պետք է շարունակենք քննարկումները»,- հայտնել է նա: